Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
11.10.2019 | 02:15
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պարոն ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, հավանաբար ժամանակի սղությունն է ու նաև մարդկային գործոնը, որ մայր թատրոնի մասին Ձեր և փոխնախարար Արա Խզմալյանի պատկերացումները միակողմանի են ու սուբյեկտիվ, մինչդեռ, ինչպես ասում են, հարկավոր է լսել նաև ձայնապնակի 2-րդ կողմը, եթե իհարկե, ոմանց նման Դուք նույնպես տարված չեք թատրոնի միայն արտաքին փայլով։ Կատարված և շարունակվող ներքին հարդարման աշխատանքները (ի դեպ, Վ. Մկրտչյանի կարճաժամկետ և երկարաժամկետ գործունեության ծրագրային դրույթները ինքս եմ գրել նրա խնդրանքով, թատրոնում գիտեն այդ մասին, հոլովվել է նաև մամուլում) անշուշտ նկատելի են, ընդ որում, մի մասը բարեգործությամբ, բայց ամենակարևորը` աշխատանքային մթնոլորտն ու մարդկային հարաբերությունները մնում են գաղջ, պարզ ու թափանցիկ աշխատաոճը Մկրտչյան-Էլբակյան սիամական զույգի համար խորթ է, տնօրենը չի գիտակցում, որ կոլեկտիվն է պահանջատերը, ոչ թե անհատի կամքն է թագավորողը։
Եվ մինչ մտահոգ մի խումբ սունդուկյանցիներիս ընդունելը, կարևորում եմ աչքի անցկացնել ներկայացվելիք տարբեր օրաթերթերի հրապարակումները` թատրոնում տիրող իրավիճակի, տնօրենի քմայքային դրսևորումների, անհավասարակշիռ պահվածքի, անօրինական գործողությունների, կոլեկտիվը սևերի և սպիտակների բաժանելու, չարդարացվող ծախսերի և իրավական գիտելիքների թերսնության մասին (դատական 4 գործընթացներից 2-ը տանուլ է տվել, մյուսներն ընթացքում են), որոնց ոչ մի անգամ Մկրտչյանը չի արձագանքել, քանզի փաստերն ու փաստարկներն անժխտելի են։ Թատրոնի վաղվա օրը չի կարող արժանահավատ լինել նարցիսիզմով տառապող և ստախոս (օրինակները շատ են) տնօրենի պարագայում, գործատու, որի պատկերացումները թատրոնի կառուցվածքի, ստորաբաժանումների գործառույթների, պաշտոնի անձնագրերի, աշխատողների իրավունքների և պարտականությունների մասին նվազ են։ Իմա` նախարարի պաշտոնակատար Լ. Մակունցի կողմից 01.01.2019 թ. հաստատված կազմակերպության անսկզբունք, խառնիփնթոր հաստիքացուցակը։ Ի՞նչ է նշանակում, օրինակ, հաշվետար (էս ո՞ր թիվն է), ու՞մ է պետք լուսանկարիչ, ընդ որում առանց աշխատավարձը նշելու, կամ ցրիչ, երբ կա չծանրաբեռնվող առաքիչ, շռայլություն չէ՞ արդյոք 3 ադմինիստրատորի առկայությունը, ի՞նչ գործառույթներ են հորինված ժամանակին արհեստականորեն, առանց հրամանի ստեղծված ընդհանուր բաժնի պետի համար, երբ այսօր առկա են նկատելի աշխատավարձով տնօրենի օգնականի և գործավար-օպերատորի հաստիքներ, ինչու՞ է 12 ամսվա կտրվածքով հաշվարկված հնոցապանների աշխատավարձի ֆոնդը, երբ այն համարվում է սեզոնային։ Էլ չեմ խոսում 2 թատրոններում միաժամանակ նույն պաշտոնը զբաղեցնող և ամբողջական դրույքաչափով վճարվող փաստի մասին։ Եվ ոչ միայն այս։
Թավշյա հեղափոխությունից հետո մենք բոլորովին այլ իրավիճակ էինք ակնկալում և պատրաստ էինք յուրաքանչյուրս մեր տեղում մեր լուման ունենալու նոր Հայաստանի կայացման գործում, ազատ, անկախ և հպարտ քաղաքացու կերպարի կերտմանը։ Եվ ի՞նչ է ստացվում։ Մերժվող զոռբաներին և օրինախախտներին փոխարինելու են գալիս նորերը։ Տեղյակ ենք, իսկ չպատժվողները շարունակում են սուլթանավարի վարվել։ Մինչդեռ աշխատավայրը ոչ մեկի ապուպապի բոստանը չէ, որ ինչպես ուզենան, այնպես էլ վարուցանք անեն։ Ի՞նչ անուն տալ պարոն Արա Խզմալյանի ընկերոջը, որը համառորեն չի կատարում դատական երեք ատյաններում կայացված վճիռը։ Ո՞վ է Վարդան Մկրտչյանին իրավունք տվել, որ նա օրենքի կոպտագույն խախտումով, առանց հիմնավորման, առանց աշխատողիս իրազեկելու և համարժեք առաջարկի, ոչ միայն կրճատի անձնակազմի կառավարման բաժնի պետի պաշտոնը, այլև չստեղծի կադրային գործառույթներով օժտված մեկ այլ հաստիք։ ՈՒ՞ր մնաց տրամաբանությունը, երբ օպտիմալացվողի փոխարեն պայմանագրային հիմունքներով և ավելի բարձր աշխատավարձով ընդունում է իրավաբանի, որը 1,5 տարվա ընթացքում 5-րդն է։
Հարգարժան նախարար, Դուք գիտե՞ք նման փաստ, կա՞ մայր թատրոնի նման մի կազմակերպություն, որ այսօր չունի կադրերի տեսուչ կամ բաժին։ Վախվորած Մկրտչյանը (ինքը դա հրաշալի գիտի) կանխամտածված է դիմել նման քայլի, երբ աշխատանքում վերականգնվելու հայցիս պահանջը դատարանի վճռով արդեն կայացված է եղել, և դա արել է զուտ այն պատճառով, որ համատեղ 10 ամիսների ընթացքում քանիցս անհամաձայնություն եմ դրսևորել կադրային քաղաքականության հարցում։ Դուք նորմա՞լ եք համարում Չարենցավանում ապրող և աշխատող (մեքենա դզող-փչող) իր անձնական վարորդ Հայկազ Նալթակյանի օնլայն աշխատելը, որքանո՞վ է տանելի նախարարության աշխատակազմի ղեկավարի քավորությամբ իրավական հարցերի գծով տնօրենի խորհրդական Քրիստինե Նաղդալյանի (ասում են` Սամվել Մուրադյանի, իմա՝ ԿԳՍՄ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի կինն է) 6-ամսյա չգոյությունը մայր թատրոնում։ Որևէ մեկը հաշվե՞լ է բյուջեին Վ. Մկրտչյանի հասցրած ֆինանսական վնասն ընդհանրապես, թե՞ հանդուրժում են, որ նրա թիկունքում կան ազդեցիկ մարդիկ, այդ թվում և դեսպան եղբայրը։ Բա ու՞ր մնաց վարչապետի աներեր և հայտնի դիրքորոշումը, ինչու՞ են ոմանք այն արժեզրկում և մինչև ե՞րբ կարելի է անցանկալի համարել և հիմնազուրկ հրամաններով ազատվել նրանցից, ովքեր արդարամիտ են, ունեն սեփական կարծիք և պայքարում են հանուն ճշմարտության։
Հարգելի պարոն Հարությունյան, Մկրտչյանի վերանշանակումը տնօրենի պաշտոնում միանշանակ չի կարող ընդունվել, խոցելիությունը ցայտուն է, բայց առայժմ Ձեզանից ակնկալում եմ... նաև իմ աշխատանքին վերադառնալու հարցում վերադասության կարգով գործնական քայլ` օրենքի տառին համապատասխան։ Այլ արդյունքի դեպքում շարունակելու եմ սահմանադրության ուժով պայքարել իմ արդարացի պահանջի կատարման համար։
Գիտե՞ք, թե ՀՀ քանի՜ քաղաքացիներ են նույն խնդրով դիմել եվրոպական դատարան ու շահել, արդյունքում մի քանիսի անգրագիտության և բզիկների պատճառով նաև միլիոնավոր եվրոների վնաս հասցրել պետությանը, նրա վարկանիշին։
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ
Նախարարին հասցեագրած իմ նամակից անցել է մեկ ամիս և պահի դրությամբ ստացել եմ կայուն լռություն։ Տեղում դոփելը նույնպես քայլ է, և դա ընդունում եմ ըմբռնումով։ Չեմ բացառում նաև արդարացման մի երկու տարբերակ։
Առաջին. նախարարությունը դեռևս չի հասցրել ամենայն մանրամասնությամբ մարսել մտահոգության տեղիք տվող տեղեկատվությունը։
Երկրորդ. բերված փաստերն ու փաստարկները վերջնական եզրակացության նպատակով հասցեագրել են համապատասխան կառույցների և սրտատրոփ սպասման կիզակետում են։
Երրորդ. նախորդ իշխանությունների նման հարցը ջրվե՜լ, գնացել է։
Վարկածներից ո՞րը կարող է մոտ լինել իրականությանը։ Հակված եմ ենթադրելու, որ նոր, իրարամերժ իրավիճակում կլուսավորվի արդարության և ճշմարտության ճանապարհը։ Բայց կա մի բայց, որը կիսաբերան սպրդվեց նոր թատերաշրջանի բացման շրջանակներում տեղավորվող կամայազրկության շղարշով պատված ժողովում` չհաշված ՀՀ վաստակավոր արտիստ, թատերախենթ Մուրադ Ջանիբեկյանի միակ արժանապատիվ դրսևորումը։ Մնացածը՝ ջուրն իր առվով հոսեց։
Հաջողությունների և ձեռքբերումների շարքից Վ. Մկրտչյանն առաջինը կարևորեց տնօրենի պաշտոնում իր վերանշանակումը, բայց առանց ժամկետ նշելու։ Լուրն անտարբերությամբ ընդունվելուց հետո նա աշխուժացման փորձ արեց ու ձեռքի մատները մեկ-մեկ ծալելով թվարկեց` այս կառույցի ստուգման արդյունքն այս ոլորտում` զրո, այն կառույցինը` նույնպես, երրորդինը, չորրորդինը` դարձյալ զրո...
Եթե իրոք այդպես է, մենք իրավունք ունենք կարծելու, որ մեզանում դեռևս առկա են նախորդ բարքերի ստերեոտիպերը, կոռուպցիայի դեմ պայքարը (կաշառակերությունը միայն փող տալը չէ), անօրինականությունների, չարաշահումների, պետական միջոցների վատնման բացահայտումները կամ աչքակապոցին կրում են ուղղորդված և ընտրված բնույթ։ Իսկ եթե ոչ, հարցն անխուսափելի է` Վարդան Մկրտչյանի ձեռքերը մաքու՞ր են և խիղճը հանգի՞ստ։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ստուգող կազմակերպություններից ոչ մեկը ոչինչ չի արձանագրել, «քննվողներից» ոչինչ չեն կորզել, չեն լսել, չեն տեսել, ու մենք էլ չգիտենք, որ եղել են գրանցված մարդիկ, բայց աշխատանքի չեն ներկայացել, օրենքով սահմանված կարգով վաճառված տոմսերից գոյացած` դիցուք 2,5 միլիոն դրամը, հաշվապահական ձևակերպում չի ստացել Մարիամ Հարությունյանի անունով, թե ում են ծառայում անձնական օգտագործման երկու ավտոմեքենաները և բենզինի ինչպիսի ծախսումներ են գրանցվել, ինչպես տարածվեց 800 հազար դրամի տույժ ու տուգանքը` ներկայացումներում ստուդիայի սովորողների անօրինական ներգրավվածության դիմաց։
Վարդան Մկրտչյանը չի կարող անշա՜ռ-անբասի՜ր լինել կադրային, պաշտոնների նշանակման և առաջխաղացման, մարդկային և աշխատանքային հարաբերությունների հարցում (օպտիմալացումը ներառած) և բանիմաց` կառավարումից։ Մի ամբողջ տարվա ընթացքում քանիցս դիմել եմ տեղեկանք ստանալու խնդրանքով, որն իր մեջ շոշափել է նաև իմ զբաղեցրած պաշտոնը, բայց...
Նույն խնդրանքով, միամիտ խորամանկությամբ նա չի պատասխանել նույնիսկ փաստաբան Նաիրա Բարսեղյանին և միայն, երբ ջուրը հասել է կամրջին, ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լայտենանտ Կ. Մարգարյանին է 01.08.2019 թ. թիվ 161 գրությամբ հայտնել եղելությունը. «Թատրոնի կառուցվածքը և հաստիքային միավորները հաստատվում են ՀՀ մշակույթի նախարարի կողմից։ Սույն դեպքում ՀՀ մշակույթի նախարարի կողմից հաստատված թատրոնի կառուցվածքում տվյալ հաստիքը կրճատվել է։ Թատրոնը որևէ հնարավորություն չունի փոփոխելու նախարարի կողմից 27.12.2018 թ. հաստատված կառուցվածքը և դրան ի կատարում սահմանված հաստիքացուցակը»։
Ոչ արժանահավատ օպտիմալացման արդյունքում թատրոնը ոչինչ չի շահել, աշխատանքային առօրյայի որակն ու արդյունավետությունը չեն բարձրացել... տուժել են ընդամենը աշխատակիցներ, մի մասը` գործատուի քմայնությամբ։ Նպատակ չհետապնդելով սև կատու փնտրել մութ սենյակում, կառուցվածքային փոփոխության և հաստիքացուցակի հաստատման հետ կապված գործընթացները պարզապես տեղաշարժեցին մեր հետաքրքրությունը։ Անսպասելի պատասխանը մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը չուշացրեց. «ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՊՈԱԿ-ի հաստիքացուցակ չի կազմվում։ ՊՈԱԿ-ների հաստիքացուցակը, ինչպես նաև կառուցվածքը հաստատվում են ՊՈԱԿ-ների տնօրենների կողմից` հիմք ընդունելով «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի 17 հոդվածի 1-ին մասի կետը»։
Ո՞վ է ճիշտ և ո՞վ սխալ։ Ի վերջո, ո՞վ է կրճատել անձնակազմի կառավարման բաժնի պետի հաստիքը` տնօրեն Վ. Մկրտչյա՞նը, թե՞ նախարարի պաշտոնակատար Լ. Մակունցը, այն էլ դատական գործընթացի վերջնափուլում։ Վերջինս կարող էր և չիմանալ, բայց որ գործատուն փաստաբանների մի ամբողջ թիմով դիմել է խաբեությանը հավասարազոր քայլի` դատարանից թաքցրել ճշմարտությունը, փաստ է։ Անքննելի։ Բայց քննելի` արարքը։ Եվ պաշտոնյայի հերթական ստախոսությունն այն մասին, որ «երբ կլինի երկու կնիքով հաստատված վճիռը, այն ժամանակ էլ»...
Այդ ժամանակը եկավ, տեսանք և թողեցինք ամիսների հետևում, բայց Ա կետից Բ կետ տեղափոխվելը չկա։ Հարկադիր կատարողը հալած յուղի տեղ ընդունելով ՊՈԱԿ-ի տնօրենի բացատրությունը, եկել է այն համոզման, որ թատրոնից անկախ պատճառներով վճռի համապատասխան պահանջը` նախկին աշխատանքում վերականգնելու մասին, կատարելն անհնար է։ 23.09.2019 թ. կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը արդարադատության փոխգնդապետ Գ. Դումանյանի վավերացմամբ, տառացիորեն եզրափակվում է թիվ 161 գրության բովանդակությամբ. «...հաստիքը կրճատվել է, և թատրոնը չունի իրավասություն փոխելու նախարարի կողմից հաստատված կառուցվածքը, ուստի և չի կարող վերականգնել Վահե Մովսիսյանին նախկինում զբաղեցրած անձնակազմի կառավարման բաժնի պետի հաստիքում»։ Բայց առնվազն տարօրինակ է, որ 18.07.2019 թ. հարուցված թիվ 05314258 Կ/Թ 175450-2019 կատարողական վարույթով զբաղված արդարադատության տարբեր ռանգի պաշտոնյաները չեն կատարել համակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն, հետաքրքրված չեն, թե ինչու կրճատվողին չի արվել առաջարկություն, չի տրվել սահմանված կարգով ծանուցում, այդ մասով դատարանին չեն իրազեկել, թե ով և ինչու է վերացրել հաստիքը, ինչ պայմաններում կամ ինչից դրդված, ո՞րն է հիմնավորումը և ո՞վ է դրա հեղինակը, օրենքի ո՞ր հոդվածն է թույլ տալիս դատական գործընթացի ժամանակ իրավիճակ փոխել... Հարցերի շարանը կարող է շարունակվել` ունենալով մեկ պատասխան` հարկադիրի գործառույթները սահմանափակ են, ոչ քննիչային։ Իսկապե՞ս։ Ենթադրենք։ Ընդունեցինք։ Այդ դեպքում Կ. Մարգարյանը ունի՞ հավատացնող պատասխան, թե ինչու ամբողջությամբ չի կատարում դատարանի վճիռը, Վ. Մկրտչյանի անձնավորված և քինախնդիր ցանկասիրությունները ծանրակշիռ են օրենքի տառի՞ց, թե՞ կան այլ գործոններ ևս։ Երկրորդը բացառելու դեպքում ամբողջանում է հարցաշարը, իսկ վերջնական արդյունքում` համատեղ ուժերով ներկայացում` «Տեղապտույտ» վերնագրով, որտեղ գործող անձինք երեքն են` թատրոնի տնօրեն, մշակույթի նախարարի պաշտոնակատար և հարկադիր կատարող։
Ներկայացման 1-ին մասը կատակերգություն է, երկրորդը` ողբերգություն, զի ցանկության դեպքում, ցանկացած ՊՈԱԿ-ի ինչ-որ տնօրեն, ցանկացած պահի ձիու քայլերով կարող է թռչկոտել` շրջանցելով դատական մի ամբողջ համակարգի ցանկացած վճիռ։ Մինչդեռ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար ՀՀ Քր. օրենսգրքի 353-րդ հոդվածը նախատեսում է՝ պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Իսկ մեր իրականությունն այլ բան է հուշում. իշխանությունների լեզվով ասած, դատարանների հեղինակությունը հավասար է անհեղինակության։ Ցավալին այն է, որ նման կառույցի մի թևն է մյուսին հեղինակազրկում` խոսքապտույտի լայն դաշտ բացելով։ Միգուցե Նապոլեոնն է մեղավոր, երբ «Ինչպե՞ս գրենք մայր օրենքը» հարցին պատասխանել է` կարճ ու խրթին։ Եվ այն ստեղծվել է ռեկորդային ժամանակահատվածում` 45 րոպեում։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ. Այնուամենայնիվ, սա մեր դեպքը չէ և ոչ էլ հիշեցնում է «Հա՞վն է ձվից առաջացել, թե՞ ձուն` հավից» դիլեման։ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգ գցողները նախկին իշխանությունների ներկայացուցիչնե՞րն են, թե՞ նրա թիմակիցներից ոմանք ու նաև ինչ-ինչ նկրտումներով արջի ծառայություն մատուցողները։
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
Մեկնաբանություններ